«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Ցիցերոնի վերջին «ճառը»

Ցիցերոնի վերջին «ճառը»
02.03.2026 | 21:20

Կատակերգական ողբերգություն՝ մեկ արարով, որ կոչվի՝ «O tempora, o mores!»

Բեմադրության վայրը․ հասցեն անփոփոխ՝ Հայաստանի Ազգային Ժողով։

Հանդիսատեսի մուտքը՝ միայն սեփական «պերաշկիով» կամ «կուկուռուզով»։

Բեմն ԱԺ դահլիճն է։

Ամբիոնին փոշոտված, կիսամաշ մի հատոր է՝ Ցիցերոնի ճառերով։

Հարմարավետ նստատեղերին բրենդային կոստյումներով երեսփոխաններն են։

Աշխատասեղաններին խնամքով շարված են «պերաշկիներն» ու կիսատ կրծած «կուկուռուզները»։

Շուրջը հեռախոսներից հնչող անհասկանալի «լայվ»-երի ձայն է, թղթերի աղմուկ։ Բայց ոչ թե օրենքների, այլ սննդի փաթեթների խշխշոցն է։

Դանդաղ բացվում է վարագույրը։

Լուսարձակը կենտրոնանում է ամբիոնին, որտեղ ձեթոտ հետքերով բաժակի ստվերում ասես շնչահեղձ է լինում Ցիցերոնի հատորը։

Երեսփոխան Ա (բերանը լիքը, կիսաձայն)․

- Էս ի՞նչ գիրք է խոսափողի մոտ։ Դիզայնին խփում է։ Անվտանգության աշխատակցին ասեք՝ տանի էդ քրքրված ախմախությունը։ Տեղն այֆոնի զարյադչնիկ դնի։

Երեսփոխան Բ (առանց հեռախոսից կտրվելու).

- Չէ՛, թող մնա, էդ հնությունն էսօր նորաձև է։ Հետը մի հատ «սելֆի» կանենք, կգրենք՝ «գիրք կարդալու ավանդույթներն ենք վերականգնում»։ Ժողովրդին դուր կգա։

Հանկարծ դահլիճի խորքից լսվում է ծանր քայլերի ձայն։ Բոլորը մի պահ լռում են։

Բեմ է դուրս գալիս Մարկոս Տուլիոս Ցիցերոնը՝ ճերմակ տոգայով, որը փոքր-ինչ մաշված է, բայց տպավորիչ է, վեհ։

ՈՒշադիր զննում է շուրջը։

Հայացքը կանգ է առնում կրծած «կուկուռուզի» հարևանությամբ գցած իր հատորին։

Ցիցերոնը կիսաձայն, ինքն իրեն մրմնջում է.

- O di immortales! Ո՜վ անմահ աստվածներ... Իսկ ես կարծում էի՝ Կատիլինան էր չարիքը, բայց նա գոնե գիտեր՝ ինչ է պետությունը։

Բոլորը զարմացած են։ Չեն հասկանում ինչ է կատարվում։

«Ականջ կտրող» հայտնի երեսփոխանը բացականչում է․

- Արա, էս ո՞վ ա։- ՈՒ դիմում է Ցիցերոնին,- դու ո՞ր թևից ես՝ սև՞ ես, թե՞ սպիտակ։

Ցիցերոնը վեհաշուք դանդաղկոտությամբ մոտենում է ամբիոնին, զգուշորեն մի կողմ է հրում տեսանելի մատնահետքերով բաժակն ու բացում է իր հատորը։

- Ես եկել եմ ոչ թե «թևեր» փնտրելու, այլ «ողնաշար» գտնելու։ Եթե օրենսդիր այս տաճարում դեռ մնացել է մեկը, ով հասկանում է «Res Publica» բառի իմաստը․․․

Երեսփոխան Գ (կանչում է դահլիճի խորքից, ծամելով)․

- Արա, էդ ի՞նչ «ռեսպուբլիկա» է ասում, տղե՛ք։ Մի հատ «Գուգլով» նայեք՝ նախկինների կուսակցության անունը հո չի՞։ Է՛յ, կանացի շորով ձյաձյա, «ռեսպուբլիկան» մենք ենք, մենք ենք ժողովրդի ձայնը։ Դու ո՞ւմ պատվերն ես կատարում։

Ցիցերոն․

- Ժողովրդի ձա՞յնը... Մի՞թե ժողովրդի ձայնը պիտի հնչի սննդի փաթեթների խշխշոցի ուղեկցությամբ։ Մինչև ե՞րբ պիտի չարաշահեք հայի համբերությունը։

«Ականջ կտրող» երեսփոխան (վեր է թռչում տեղից, ձեռքերը թափահարելով)․

- Լսի՛, ա՛յ սպիտակ շորերով, էդ ու՞մ վրա ես ձենդ բարձրացնում։ Գիտե՞ս՝ ես ով եմ։ Ես տուգանքի մատերիալ չեմ, որ գաս ինձ դաս տաս։ Անվտանգությու՛ն, սրան տարեք երկար լեզուն կտրեք, տեսեք՝ էդ սպիտակ շորերի տակ «սևերի» բուկլետներ չունի՞ թաքցրած։

Երեսփոխան Բ (արագ սելֆի է անում Ցիցերոնի ֆոնին)․

- Տղե՛ք, մի՛ տարեք, սպասեք։ Սա լավ «կոնտենտ» է։ Հեսա «լայվ» կմտնենք, կասենք՝ Հռոմի Պապը մեզ աջակցություն ա ուղարկել։ Ձյաձ, «դուխով» մի բան ասա, էլի, ժողովուրդը տեսնի։

Այդ պահին շրխկոցով բացվում են դահլիճի դռները։ Ներս է մտնում ինքնակոչ «միապետը»՝ ագրեսիվ հայացքով։ Մոտենում է Ցիցերոնին, մի պահ լռում, հետո քմծիծաղով նայում հեռախոսի էկրանին։

- Ժողովուրդ ջան, տեսնո՞ւմ եք սրանց,- մատնացույց է անում ընդդիմադիրներին,- սրանք արդեն Հռոմից են «տղա» բերում։ ՈՒզում են քանդել մեր «ժողովրդավարության բաստիոնը»։ Տեսեք՝ ինչ շորերով է եկել։ Սա հաստատ նախկինների նոր սցենարն է։

Մոտենում է ամբիոնին, հրում է Ցիցերոնին ու բռունցքով հարվածում նրա գրքին։ Բաժակից ջուրը թափվում է հատորի վրա։

Ապա Ցիցերոնի դեմքին գոռալով․

- Լսի՛, դո՛ւ ո՞վ ես։

- Մարկոս Տուլիոս Ցիցերոնը։

- Մարկոս Տուլիոս ես, ինչ ես... Եկել ու՞մ վրա ես հոխորտում, էդ ի՞նչ «համբերություն» չարաշահելուց ես խոսում։ Գիտե՞ս՝ քեզ ինչ կանեմ։ Կջարդե՜մ, կփշրե՜մ, դիակիդ կտորները ստեղից հատ-հատ դուրս կտանեն։ Դու ո՞վ ես, որ գաս ստեղ «բարքերից» խոսաս։ Բարքերը ե՛ս եմ սահմանում, «կուկուռուզն» էլ ե՛ս եմ ուտում, «պերաշկին» էլ։ Պետությունն էլ ե՛ս եմ։

Ցիցերոն (մի փոքր ցնցված, բայց հանգիստ)․

- O tempora, o mores! Մի՞թե սա է այն մարդը, ում ձայնը լսում է ժողովուրդը։ Դու խոսում ես ջարդելու մասին, բայց արդեն ջարդել ես ամենակարևորը՝ օրենքն ու պատիվը, ազգի ողնաշարը։

De jure (կատաղած, դիմում է դահլիճին)․

- Տեսա՞ք, լատիներենով է սպառնում ժողովրդին։ Սա կոնկրետ ահաբեկչություն ա։ ԱԱԾ-ն ու՞ր ա նայում։ Սրան հենց հիմա տարեք, գցե՛ք պադվալները, թող էնդեղ իրա լատիներենով առնետներին ճառեր կարդա։ Ես քեզ ասում եմ՝ դո՛ւ ստեղից ողջ դուրս չես գալու, եթե մի հատ էլ «Կատիլինա» բառն արտասանես։ Ստեղ մի հատ «կատիլինա» կա, էն էլ ես եմ... է՜է՜է՜, այսինքն՝ ես եմ ստեղ տերը,- վերցնում է հատորը և ցուցադրաբար դնում «պերաշկիի» յուղոտ թղթի վրա։ Ապա թե,- սա էլ քո գիրքը։ Սրանով հեսա «պերաշկիի» յուղն ենք քաշելու։ Ժողովու՛րդ ջան, սրանք ուզում են մեզ լատիներեն սովորեցնեն, որ մենք մեր «ասֆալտը» չտեսնենք։ Բայց չի՛ ստացվելու։ Մենք սրանց հատ-հատ կգցենք պադվալները, կթաղենք պատմության աղբանոցում։

Ցիցերոնը լռում է։ Նա հասկանում է, որ ոչ թե Սենատում է, այլ մի վայրում, որտեղ բառն արժեք չունի, իսկ ուժը՝ միայն կործանարար է։

ՈՒ այստեղ բախվում են հռոմեական վեհաշուք հռետորաբանությունը և ՔՊ-ական խուժան սլենգը։

Ցիցերոնը մի պահ նայեց նստածներին ու նրա ձայնը ճեղքեց դահլիճի խուլ աղմուկը։

- Մինչև ե՞րբ պիտի, չարաշահես հայ ժողովրդի համբերությունը։

Դու՛, որ հայրենիքի աղետը դարձրել ես քեզ համար խրախճանքի սեղան։ Դեռ երկա՞ր պիտի համառես քո վայրի անմտությամբ, որը դու «քաղաքականություն» ես անվանում։ Մինչև ե՞րբ, մոռանալով ամեն չափ ու սահման, պիտի գոռոզանաս քո տգիտությամբ՝ պատսպարվելով «ժողովրդի մանդատի» թիկունքում։

Մի՞թե քեզ վրա ոչ մի ազդեցություն չգործեցին

ո՛չ կորսված հայրենիքի արժեքներն ու թանկ շիրիմները,

ո՛չ թշնամու զորքը, որ արդեն քո տան շեմին է,

ո՛չ էլ այն ժողովրդի սարսափը, որին դու խոստացել էիր «ապագա», բայց տվեցիր միայն արցունք ու կորուստ։ Մի՞թե չես ամաչում այս դահլիճի պատերից, որոնք պիտի լինեին պետության ամրոցը, բայց քո իսկ ձեռքով դարձան «պերաշկի» ծամելու, լուտանքներ թափելու և անհամ կատակների «ճաշարան»։

Մի՞թե դու չես զգում, որ քո դավաճանությունն արդեն մերկացված է։

Քո դավադրությունը ոչ թե թաքուն նկուղներում է, այլ բոլորի աչքի առաջ՝ քո ամեն մի զիջման, քո ամեն մի «կուկուռուզ» կրծելու և քո ամեն մի լռության մեջ, երբ երկիրդ են հոշոտում։

Ո՞վ չգիտի, թե ինչպես ես գիշերները վաճառում այն, ինչը քոնը չէ, և ինչպիսի որոշումներ ես ընդունում՝ խորհրդակցելով միայն սեփական վախերիդ ու օտարի կամքի հետ։

Ո՛վ ամոթ, ո՛վ անկում...

Սենատը՝ Ազգային ժողովը, տեսնում է սա, ժողովուրդը զգում է սա, բայց դու դեռ ողջ ես ու նստած այստեղ։

Ողջ ես և նույնիսկ համարձակվում ես գալ այս ատյան, մասնակցել նիստերին և լպիրշ հայացքով «նշանակել» հերթական «մեղավորին», որպես քո «խաղաղության» զոհասեղանի նոր «մատերիալ»։

Իսկ «քաջ տղամարդիկ», ցավոք, առայժմ բավարարվում են միայն նրանով, որ կարողանում են խուսափել քո կատաղությունից ու զենքից։

Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր։

Պետությունը ջարդված ողնաշարով կողքի է ընկած, իսկ դու՝ հայրենիքի դահիճդ, դեռ քննարկում ես քո ընթրիքի մենյուն։

«Ակադեմիական ընդդիմությունը», որ Ցիցերոնի լուռ դաշնակիցն է, հոտնկայս ծափահարում է նրան։

Բա՞յց․․․ այստեղ կա մի մեծ «բայց». նրանք խոսում են Ցիցերոնի հետ նույն լեզվով, սակայն չունեն նրա կամքն ու գործողության ուժը։ Նրանք դառնում են Ցիցերոնի ճառի «մեկնաբանները», բայց ոչ երբեք այդ ճառը կյանքի կոչողները։ Նրանք լսում են Ցիցերոնին, բայց հետո նորից նստում են իրենց տեղերը՝ սպասելով հարցուպատասխանի շարունակությանը։

- Լսի՛ր, պարո՛ն Ցիցերոն,- ճչում է de jure-ն,- ո՞վ ես դու... Էդ ի՞նչ «վերամբարձ» բառեր ես ասում՝ «հայրենիք», «ամոթ», «դավադրություն»։

Դու դեռ չե՞ս հոգնել էդ հին, նաֆթալինոտ լեզվից։

Ի՞նչ Ցիցերոն, ի՞նչ Հռոմ։ Մենք ստեղ իրական կյանքով ենք ապրում, ժողովրդի հետ «կուկուռուզ» ենք ուտում, հեծանիվ ենք քշում, մարդկանց հետ նույն լեզվով ենք խոսում։

Դու եկել, քո էդ թանկանոց տոգայով (թե ինչ է հագիդ) մեզ դա՞ս ես տալիս։ Մի՞թե չես տեսնում՝ ժողովուրդը մեզ սիրում է։ Իսկ եթե «պերաշկի» ենք ուտում, դա նշանակում է՝ մենք ժողովրդական ենք, մենք «էլիտար» չենք քեզ նման, որ միայն լատիներեն գիտես ու գրքերից ես վնգստում։

Ի՞նչ ես ասու՞մ՝ «հայրենիքի կորո՞ւստ»։

Ո՛չ մի կորուստ էլ չի՛ եղել։ Մենք ինքնիշխանություն ու խաղաղություն ենք բերել։ ՈՒ միայն առաջ ենք նայելու։ Մենք հիմա «խաղաղության դարաշրջան» ենք բացում, իսկ քո էդ ճառերը միայն պատերազմ են հրահրում։ Դու հաստատ «նախկիններից» ես, կամ նրանց պատվերն ես կատարում, որ էկել ու մեր աշխատանքն ես խանգարում։

Ժողովու՛րդ ջան, տեսնու՞մ եք սրանց։ Սրանք ուզում են, որ մենք էլի սոված մնանք, որ իրենք գան ու իրենց լատիներենով մեզ կառավարեն։ Բայց մենք թույլ չենք տալու։

Թույլ չենք տալու։

Թույլ չենք տալու։

Մենք կշարունակենք մեր «կուկուռուզն» էլ ուտել, մեր «ասֆալտն» էլ անել, իսկ դու քո ճառերը տար ու կարդա քո դատարկ դահլիճներում։

Մենք հաղթել ենք ու հաղթելու ենք, որովհետև մենք «պարզ» ենք, իսկ դու՝ չափից շատ բարդ։

Գնա՛, պարոն Ցիցերոն, գնա՛ հանգստացի, թե չէ ստիպված կլինենք քեզ էլ «պատերին ծեփել» կամ «ասֆալտին փռել» քո էդ մեռած լատիներենի հետ միասին։

- Դահի՜ճ,- արհամարհանքով նետում է Ցիցերոնը։

Դահլիճում մահացու լռություն է տիրում։ Մի քանի վայրկյան միայն լսվում է վարչապետ կոչվածի արագացած շնչառությունը։ Նա գունատվել է կատաղությունից, բայց աչքերը փայլում են այն վտանգավոր հրով, որը նախորդում է պայթյունին։ Դանդաղ բարձրացնում է ձեռքի «պերաշկին», նայում դրան, ապա շպրտում Ցիցերոնի ոտքերի տակ

— Դու՞... դու՞ ես ինձ ասում «դահիճ»,- ձայնը դողում է։- Դու՛, որ եկել ես քո էդ մեռած լատիներենով ստեղ մեզ դաս տաս։ Ժողովու՛րդ ջան, լսեցի՞ք սրան։

Սա ասում ա՝ ես ձեզ զոհասեղանին եմ դրել։

Սա ասում ա՝ ես ձեզ վաճառում եմ։

Էս ում հետ ես դու սենց խոսում, ա՛յ հնաոճ կլոուն։ Դու գիտե՞ս՝ ես ով եմ։ Ես «ժողովրդի վարչապետն» եմ, իսկ դու... դու մի հատ փոշոտված գիրք ես, որին ես հեսա կվառե՛մ ու մոխիրդ էլ օդ կտամ։

Կատաղած շրջվում է դեպի երեսփոխանները, որոնք արդեն վեր են թռել տեղերից և աղմկում են։

- Ի՞նչ եք նստել, արա՛։ Չե՞ք տեսնում՝ սա էկել ա իմ սուրբ «մանդատին» ա կպչում։ Սա էկել ա մեր «կուկուռուզն» ա ծաղրում։ Սրան հենց հիմա ստեղից քաշ տալով հանեք։ Ջարդե՛ք սրան, փշրե՛ք սրա լատիներեն ողնաշարը։ Տարեք КГБ-ի ամենամութ պադվալը, էնդեղ թող հաշվի, թե քանի հատ «շիրիմ» է տեսել։

Ես քեզ խոստանում եմ, Ցիցերո՛ն, քո դիակը ստեղից ընենց ենք հանելու, որ նույնիսկ պատմությունը քեզ չհիշի։

Դահլիճում սկսվում է իրարանցում։ Երեսփոխանները շշեր, կրծած «կուկուռուզների» ու «պերաշկիների» մնացորդներ են նետում Ցիցերոնի ուղղությամբ։

«Անտրուսիկ» երեսփոխանը փորձում է թռնել ամբիոնի վրա, բայց Ցիցերոնը կանգնած է անդրդվելի, ինչպես մարմարե արձան և բարձր ձայնով, որ մի պահ լռեցնում է ամբոխացած պատգամավորներին, նետում է իրեն սպառնացողին․

- Գերագույն ճիզվիտ, դու կարող ես ջարդել մարմինը, բայց չես կարող ջարդել ճշմարտությունը։ Դու սպառնում ես ինձ պադվալներով, բայց ինքդ արդեն պադվալում ես՝ քո սեփական վախերի ու ստերի պադվալում։ Իմ դիակը պատմությունը կհիշի, իսկ քո անունը կդառնա հոմանիշ ամոթի և կործանման։

De jure-ն դուրս է գալիս ափերից, թքելով խոսափողի վրա ծղրտում է.

- Անվտանգությանը կանչեք։ Գցե՛ք սրան «պադվալ»։ Թող КГБ-ում սրան բացատրեն՝ ով է ճիզվիտը։ Դու ստեղից ողջ դուրս չես գալու։ Ես քեզ կոչնչացնե՛մ, կփոշիացնե՛մ...

Ժողովո՛ւրդ, սա նախկին թալանչիների, Ղարաբաղը ծախած՝ Լևոն-Ռոբերտ-Սերժ եռանկյունու հոգեվարքն է, տեսե՛ք։

Դահլիճ են ներխուժում անվտանգության աշխատակիցները, բռնում են Ցիցերոնի թևերից ու քարշ են տալիս դեպի ելքը։ Ցիցերոնի ձեռքից ընկնում է կիսամաշ հատորը։ De jure-ն ցուցադրաբար ոտքով տրորում է այն՝ վրան լցնելով ճենճոտ բաժակում մնացած ջուրը։

Իսկ ընդդիմադիրները հեռախոսներով նկարում են այս ամենը, մինչև իջնում է վարագույրը։

ՎԵՐՋԱԲԱՆ

Բեմը դատարկ է։ Լույսերը դանդաղ մարում են։ Լռության մեջ լսվում է միայն ինչ-որ ծորակից ընկնող կանոնավոր կաթկթոցը՝ հիշեցնելով այն ճենճոտ բաժակը, որից ջուրը թափվեց պատմության վրա։

ՀԵՂԻՆԱԿԻ ՁԱՅՆԸ

- Երբ վարագույրն իջնում է, դահլիճում մնում է միայն յուղոտ թղթերի հոտը և այն սարսափելի գիտակցումը, որ Ցիցերոնին քարշ տվողները ոչ թե եկվորներ էին, այլ տանտերերը։

Իսկ հատո՞րը... հատորը մնաց տրորված «ասֆալտին»՝ սպասելով մեկին, ով այն կբարձրացնի ոչ թե սելֆիի, այլ կարդալու և գործելու համար։

Լռություն։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 79

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ